«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ամոթ մեզ, որ չենք կարողանում երկիրը սիրով պահել

Ամոթ մեզ, որ չենք կարողանում երկիրը սիրով պահել
08.11.2012 | 15:36

Գրողների տան մեծ դահլիճում օրերս կազմակերպված հանդիսությունը նվիրված էր սիրված արձակագիր, հրապարակախոս ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ (ՀՐԱՉՕ) ծննդյան 75-ամյակին:

ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանն իր խոսքում նշեց, որ այս հոբելյանը նշանակալի է ոչ միայն Հայաստանի համար, այլևս մի քանի օր է աշխարհի տարբեր ծայրերից ստանում են շնորհավորական հեռագրեր:
«Հայկական հանրագիտարանի» գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը պատմեց, որ ամեն անգամ հրատարակչություն զանգելիս Հրաչյա Մաթևոսյանը ներկայանում է Ղազարոս Աղայան, և ինքը ստիպված վերջերս հայտարարել է` երբ Ղազարոս Աղայանը զանգահարի, իմացեք, որ զանգահարողը Հրաչյա Մաթևոսյանն է: Հավելեց, որ նա Ղազարոս Աղայան է ներկայացել դեռևս խորհրդային տարիներին և Բոլնիսի շրջանային իշխանություններին կարգադրել, որ գյուղի թանգարանը լավ նայեն:
Արձակագիր Հովիկ Վարդումյանը վերհիշեց մի փոքրիկ դրվագ, իր իսկ խոսքով` մութ, ցուրտ, սոված տարիներից.
«Գնացել էի գյուղ, սնունդ էի հայթայթել երեխաներիս համար։ ՈՒսապարկով, ձեռքիս էլ` երեք մեծ պայուսակ, դժվարությամբ հասա քաղաք: Ոտքով պետք է տուն գնայի, տաքսի չկար, եթե լիներ էլ, տաքսու փող չկար: «Բարեկամություն» կայարանում հանդիպեցի Հրաչօյին: Ասաց, որ շտապում է, չեմ հիշում` ուր էր գնում»:
Բժշկի էի գնում` հիշեցրեց հոբելյարը: Եվ բժշկական այցից ուշացող Հրաչօն համառում է, վերցնում ընկերոջ ձեռքից պարկերից մեկը, շալակում, ոտքով հասցնում են Շինարարների փողոց: Արդեն դռան մոտ, բեռը իջեցնում է և ասում, որ ներս մտնել չի կարող, ուշանում է: «Այսպիսին է նրա նկարագիրը», ընդգծեց Հովիկ Վարդումյանը:
Գրչակից ընկերները խոսեցին Հրաչօյի արձակից, հումորից, մարդ-տեսակից: Հնչեցին հատվածներ գրողի ստեղծագործություններից: Անվանի արձակագրին շնորհվեց մշակույթի նախարարության բարձրագույն պարգև` Ոսկե մեդալ:
Ցերեկույթը լի էր սիրով, մարդկանցով, երգ-երաժշտությամբ: Արտակ Ստեփանյանի կատարմամբ մի երգ էլ Հրաչօն նվիրեց իր տիկնոջը` Հայկանուշին: Երգն առաջին սիրո մասին էր: Տոնական օրը իրենց ներկայությամբ զարդարում էին նաև Հրաչյա Մաթևոսյանի թոռնուհիները` Սոնան և Մանեն:
Ցերեկույթի վերջում իր խոսքն ասաց հոբելյարը, ասաց, որ վախլուկ է դարձել ու ամեն ինչից վախենում է, հատկապես, երբ ասում են, թե հայ ազգը անհետացող ժողովուրդների շարքին է դասվում, ասաց` ամոթ մեզ, ամոթ փրկվածներիս, որ չենք կարողանում երկիրը սիրով պահել, սիրով ու մարդկանցով: ՈՒ նրա վախերը հասան ընթերցողին:
«Եղբայրս ասում էր` կորցրել եմ ընթերցողին: Ես որոնում եմ այն աղջկան, որ այգում նստած իմ գիրքը ծնկներին մտորում է»,- ասաց Հրաչօն: Հետո ձայն տվեց թոռնուհուն` «Սոնա ջան, Սոնա, արի էստեղ, որ կարողանամ խոսել»: Հետո դարձավ սահմանամերձ գյուղում ապրող երեխային:
«Տարիներն անցան, դժվար անցան, այսօր ժողովրդի վիճակը գյուղերում սարսափելի է,-ասաց նա:- Ես ավտոդողերից կարած տրեխներ եմ ունեցել, բայց երբ այսօր սահմանապահ գյուղերում ծակ կոշիկներով երեխա եմ տեսնում, ասում եմ` ի՞նչ են մտածում այս երկրի իշխանավորները: Ինչպե՞ս կարելի է: Սահմանապահ գյուղերի երեխաներն այսօր վատ են հագնվում, վատ են սնվում: Ինչո՞ւ: Ի՞նչ է նշանակում քաղցած երեխա, ի՞նչ է նշանակում քաղցած ժողովուրդ: Քաղցածը ոչ թե ժողովուրդն է, այլ իշխանավորները, որ չեն հագենում:
Շատ են մոլորյալ, շատ են դավաճանում իրար, հեռանում իրարից, շատ ենք օտարի ձեռին նայում, գիշեր-ցերեկ լցվում են այստեղ: Ես վատ եմ զգում բարոյապես բոլոր նրանց փոխարեն, ովքեր կարողացան «թշվառ-անտեր»-ը հեշտ ու հանգիստ դարձնել «ազատ-անկախ»:
Հետո ասաց, որ շնորհակալ է ներկաներից, հետո ասաց` «ինչի՞ չասեմ, էս անտեր հեռուստաընկերությունները քանի-քանի ալիք ունեն, քանի՞ ծրագիր, արժանի չէի՞, որ մեկը գար այստեղ, ամեն մի թալանչիի, կաշառակերի համար…»: Հետո կիսատ թողեց խոսքն ու ասաց. «Ձեզ սիրում եմ»:
Տոնական հանդիսությունն ավարտվեց «Կարին» ազգագրական համույթի ելույթով` Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ